Posted in Ես եւ շրջակա աշխարհ

Ինչպե՞ս պահպանել աչքերի առողջությունը

Արտաքին աշխարհից ստացվող ինֆորմացիայի գերակշիռ մասը՝ շուրջ 80%-ը, մենք ստանում ենք տեսողության միջոցով: Տեսողությունը մեր օրգանիզմի կարևորագույն գործառույթներից է. այն ապահովում է աշխարհի ճանաչումը, ճիշտ կողմնորոշումը, առաջադրանքների որակյալ կատարումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:

Մի քանի խորհուրդ.

1.Եթե երկար ժամանակ ստիպված ես նստել համակարգչի առջև, 20 րոպեն մեկ անհրաժեշտ է անել փոքրիկ ընդմիջումներ և կատարել հատուկ վարժություններ:

  • Հայացքը ուղղեք որևէ հեռավոր առարկայի կամ կետի և 15-20 վայրկյան նայեք այդ առարկային, հետո մի քանի վայրկյան նայեք որևէ մոտիկ կետի: Կրկնեք 4-5 անգամ: Այսպիսով աչքերը կհանգստանան` փոփոխական կենտրոնանալով տարբեր հեռավորությունների վրա:
  • Հաճախ թարթեք. թարթելու ընթացքում աչքերը խոնավանում են:
  • Աչքերը ամուր փակեք և նստեք հանգիստ` դանդաղ հաշվելով մինչև 5-ը: Հետո բացեք աչքերը և նայեք հեռուն, հաշվելով մինչև 5-ը: Կրկնեք 4-5 անգամ:
  • Աչքերով կատարեք 3-4 շրջանաձև շարժումներ դեպի աջ, հետո դեպի ձախ: Վարժությունը կատարեք միջին տեմպով, ոչ` արագ: Հետո թուլացրեք աչքերի մկանները` 1-6 հաշվով նայելով դեպի հեռուն: Կրկնեք 1-2 անգամ:
  • Աջ ձեռքը ձգեք առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևեք ցուցամատի դանդաղ շարժմանը աջ և ձախ, վերև և ներքև: Կրկնեք 4-5 անգամ:
  • 1-4 հաշվով նայեք ձգված ձեռքի ցուցամատին, հետո 1-6 հաշվով հայացքն ուղղեք հեռուն: Կրկնեք 4-5 անգամ:

2. Էկրանի ճիշտ դիրքը, որ կապահովի ճիշտ դիտման կետը, նվազագույնի կհասցնի տեսողության լարվածությունը: Եթե ստիպված ես երկար աշխատել համակարգչի առջև, հետևիր, որ մոնիտորի կենտրոնական մասը գտնվի դիտակետից միջինում 50-75 սմ հեռավորության վրա և մոտ 10-12 սմ ցածր:

Ցանկալի չէ էկրանին նայել պառկած դիրքում, ինչպես նաև շարժվող տրանսպորտում. այս պարագայում աչքերը լրացուցիչ լարվում են:

3.Մոնիտորի պայծառ լույսը ավելի է լարում աչքերը, հատկապես երբ նայում ես էկրանին մութ սենյակում: Այսպես անել խորհուրդ չի տրվում: Հնարավորության սահմաններում մի փոքր թուլացրու էկրանի լույսը և կարգավորիր աշխատասենյակի լուսավորությունը:

Տեսողության համար հատկապես վնասակար է աչքերի ծանրաբեռնումը` արհեստական լույսի տակ, փակ տարածքում: Իսկ որպես տեսողության խնդիրների կանխարգելման կարևորագույն միջոց խորհուրդ է տրվում ապահովել ցերեկային զբոսանքները մաքուր օդին:

Աղբյուրը`այստեղ:

Թողնել մեկնաբանություն